Ադրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ ԽՎ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիի կողմից ավելի վաղ տարածած հայտարարությանն ի պատասխան շնորհակալական գրություն եմ հղել վերջինիս.

Տեքստը ստորև՝

Հարգելի պարոն Մեսթերհազի,

ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ - ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։

Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, իրապես, ամբողջ աշխարհը պետք է միասնաբար հաղթահարի անտեսանելի թշնամու կողմից պատճառված առողջապահական և սոցիալ-տնտեսական խնդիրները։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը և պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը և ագրեսիվ հռետորաբանությանը։

Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլև պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։
Լիահույս եմ, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը և վերադառնալ բանակցային սեղան։
Հարգարժան Պրն․ նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու և համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ։

Հարգանքով՝

Անրանիկ Քոչարյան

--0--ԱՀ