Ուկրաինայի հայերի միությունն ԱԳՆ՝ ադրբեջանամետ հայտարարությունն անհիմն է համարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

ՈւՀՄ

Ուկրաինայի հայերի միությունն, ի պատասխան հայ-ադրբեջանական հակամարտության մասին այդ երկրի ԱԳՆ դիրքորոշման, հրապարակել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է.

«Ուկրաինայի հայերի միությունը, որ միավորում է երկրի հայ հանրությանը, անհիմն ու անհասկանալի է համարում Ուկրաինայի ԱԳՆ արտահայտությունները՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ բախումները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի սահմանին: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շատ ավելի է մեծացնում այդ երկրի տարածքային նկրտումները՝ դուրս գալով ԼՂՀ տարածքի սահմաններից, որն արդեն երկար տարիներ Ադրբեջանի թիրախում է:

Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ բացարձակ անհիմն կերպով շեշտադրում է անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման խնդրի վրա: Այս հակամարտության մեջ բացակայում է Հայաստանի կողմից որևէ տարածքային պահանջ: Միևնույն ժամանակ, վտանգի տակ են հայկական սահմանները, չէ՞ որ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել ադրբեջանցի զինվորականների ներխուժումը հայկական հող: Հայաստանը ոչ թե տարածքային պահանջներ ունի, այլ ցանկանում է պաշտպանել իր տարածքն ու քաղաքացիներին»:

Միությունը նշում է, որ կողմերից մեկի դիրքորոշումը պնդելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլև փչացնում է դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ: Բացի այդ, նման անհիմն հայտարարությունները կարող են նպաստել նաև երկրի ներսում ազգամիջյան կոնֆլիկտների առաջացմանը: Նաև հիշեցնում են, որ Ուկրաինայի տարածքում հայկական մեծ սփյուռք կա, որը նույնպես շահագրգիռ է, որ երկու երկրները կայուն հարաբերություններ ունենան:

--00--ԱԹ