Ուրացման շեմը չհատելու մասին կամ արդարության ավետիսի սպասումով

Thumbnail

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ: "Չի կարող պատահել", - եղավ առաջին միտքը:

"Ափսոս էր երեխան"

Լուսանկարը՝ 1998 թիվ

Վանո Սիրադեղյանին գիտեն բոլորը, բայց ճանաչում են քչերը: Իրեն իմանալու համար հատուկ խորություն է պետք: Մակերեսային տեսակին այն տրված չէ, իսկ միջակությունները բնազդաբար կատաղորեն մարտնչում են իր դեմ: Բնական է: Վանոն երբեք չիջավ ներքև, այլ ընթերցողին ու քաղաքացուն բաձրացնում է վերև` իր մակարդակին, տալով որակ ու իմաստ: "...անսպասելի բառերը ադամանդի նման շող են տալիս պատումային պարզության ձգտող երգերում:" 2000թ. գրված նրա այս տողերը արտացոլում են իր իսկ գրականության ձևը: 

"Սիրտդ լրիվ քար մի արա, բայց սիրելուդ կարոտ թող, թող չմտածի, որ դու իրենն ու իրենն ես, մի բան էլ գուցե, կողքից լինի:․․․ Թող համոզված մնա, որ մի կյանքը քիչ է տղամարդուն իրենով անելու, մինչեւ տակը տեսնելու համար...․Էս փակ կժի նման՝ չիմանաս ինչքան պակասեց, չիմանաս ինչքան մնաց...․Քեզ մի քիչ էլ թաքուն պահի։ Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես։ Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց-բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն, հետո գոյությունդ լրիվ կմոռանան...․

Հետո աները խճճված, խմած գլխին աշխարհը շուռ բերող միտք ասած։

― Ուրեմն, ― ասաց, ― դրանք դեւ են։ Դրանք քեզ սիրել են տալիս ու իրենք չկան։ Էստեղ էին, նստած էին, պառկած էին ու մեկ էլ չկան...․Ոնց որ դու պառկած լինես իրենց պառկած տեղը։ Տեղը դեռ տաք է, իրենք չկան...․․․

Հարութը գլուխը թափ տվեց ու նայեց մութ ապակիներին։

― ․․․ Չարք են, ― ասաց աները, ― իրենց սիրել կտան ու շվաքի պես տակիցդ կփախչեն։ Ու կտեսնես քիթդ գետնին է առել։

― Բա ո՞ւր են, ― հարցրեց Հարութը։

Տունը, գյուղը՝ քնած, ականջ էր դնում։

― Իրենց մեջ են քաշվել, ― շշնջաց աները (Տղամարդիկ):

Սիրադեղյանի գրականությունը Մաթևոսյանական ակադեմիայի և "Գարուն" - ական խմբագրության վառ արտահայտված մասը լինելով իր ինքնատիպությունը ունի և արձակի աշխարհում կանգնած է չմաշվող ժայռի պես: Նա մեր արձակի ու հրապարակախոսության ադամանդն է: Դա մարդուս հոգեբանական նկարագրի վերծանման և լեզվամտածելակերպի դրսևորման բացառիկ արտահայտություն է, որը ձևի ու բավանդակության մեջ անկրկնելի ու անգերազանցելի է: "Նա կյանքը մեզ սիրելի էր դարձնում" հոդվածում Հրանտ Մաթևոսյանը կխոսի. "Խոսքը գրական խոշոր անհատականության մասին էր լինելու, եթե 1988թ. ծանր տարին կտրած չլիներ գրական աշխարհի այդ լրջմիտ, խելացի , լիցքավոր բնակչի վերընթացի ճանապարհը: Եթե ճանապարը միանգամից, հանկարծ, ծանր փլքի պես ընդհատված չլիներ` հայ գրականությունը, հանձին Վանոյի, այսօր իր Վիկտոր Աստաֆևն էր ունենալու` սրա պես զգայուն, սրա չափ մարդու գինն իմացող, բարի, գրի էությունն ու առաքելությունը ճանաչելու կոչված: Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր":

Ղարաբաղյան Շարժմանը իր միանալը առանձին ուժ ու գույն տվեց Զարթոնքին:

"Վանոն Շարժման ասպետն էր" - կասի Վազգեն Սարգսյանը 1996թ.:  Վանոյի սթափ միտքը, հեռատեսությունը, իրավիճակի ինտուիտիվ ընկալումը բացառիկ և անգերազանցելի է: Որպես Ներքին Գործերի նախարար Սիրադեղյանը կատարեց մեծագույն, անուրանալի գործ: Երկիրը պետություն դառնալու ճանապարհին էր և Խորհրդային Միության փլուզումից հետո քաոսը թափով թափանցում էր հետխորհրդային կենսատարածքներ: Հայաստանում դա կասեցվեց և մեծապես Վանոյի շնորհիվ: Վերջինս բարդագույն փուլում ստանձնեց ոստիկանական համակարգի ղեկավարումը և համարձակ, պարզ ու սթափ, վճռական ձևով և լուծումներով հասավ առարկայական հաջողության. Լիկվիդացվեց և հետագայում էլ կասեցվում էր հանցաշխարհի գոյությունն ու գործունեությունը, հրացանավոր մարդն ու ասֆալտի ֆիդային խփվեցին ասֆալտին իրականում ոչ թե ձևական, ապահովվեց մեր պատերազմող ուժերի թիկունքը ինչը հնարավորություն տվեց կոնսոլիդացվել թշնամու ուղղությամբ, կասեցվեցին ահաբեկչական, հեղաշրջման փորձերը: 

1997թ. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը "Նովոյե Վրեմյա" ռուսական թերթին տված հարցազրույցում կասի. "Այն ինչ արեցին Բաբկեն Արարքցյանը Ազգային Ժողովում, Հրանտ Բագրատյանը կառավարությունում, Վանո Սիրադեղյանը ՆԳՆ - ում և Վազգեն Սարգսյանը բանակում` մեզ փրկեց":

Վանոյի քաղաքական լիդերությունը դաշտը հետաքրքիր ու զգոն էր պահում: Վանոն, անխոս, քաղաքական աքսորյալ է:

Նրա շինծու քրեական գործի մասին Մաթևոսյանի կարծիքը հետևյալն է. «Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միեւնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, եւ ինչ դիպուկ հարվածներով, եւ ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ, թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վատ է, պարոնայք, շատ վատ է։ ...Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ։ Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»: Սիրադեղյանի ու նրա քրեական գործի մասին շատ լավ գիտի այսօրվա վարչապետ Փաշինյանը: Լրագրող Նիկոլը վանոյական հետագիծ ունի: Նա բազմիցս է անդրադարձել նրա կերպարին, գրականությանը, քաղաքականությանը, Ավետիս Հարությունյանի անվան տակ Վանո Սիրադեղյանի հետաքրքիր, հետք թողնող ու չանցնող, կտրող, ծակող հրպարակախոսությունը տպվել է "Հայկական Ժամանակ"  թերթում և մինչ օրս տպագիր վերջին հարցազրույցը Սիիադեղյանը տվել է Նիկոլին 2006թ. գարնանը: Բայց արի ու տես, որ հեղափոխություն արած իշխանությունը իր կողմից տապալված նախկին իշխանության գլխավոր թիրախներից մեկի` Վանո Սիրադեղյանի, արդարադատության հարցում պահպանում է լուռ չնախաձեռնողականություն: Իսկ դրա դիմաց մենք ականատեսն ենք "Սասնա ծռեր" - ի առանց ապաշխարհության ազատություն ստանալուն և երկրի համար թիվ 1 օլիգարխի` վարչապետի կողմից սպիտակեցնելուն ու կենսունակություն հաղորդելուն: Մեկի ում դեմ, այդ տեսակին հակառակ Նիկոլ Փաշինյանը պայքարել է միշտ, ում հետ ուներ անձնական խնդիրներ և ով Նիկոլի 2007թ. "Ոչ ռոբոտացմանը, սերժացմանը, դոդացմանը" արշավի գլխավոր ածանցներից էր: Կվերադառնա Վանոն Հայաստան, թե ոչ իր որոշելիքն է, բայց պատմական ու իրավական արդարություն հաստատել ուզող կառավարող ուժը պարտավոր է դա անել: Պետք է հետախուզումից հանել և վերսկսել դատական գործը, կալանավորման կարգավիճակը փոխել և քաղաքական գնահատական տալով նախկիններին հասարակության ու ժողովրդի միջից մաքրել այն սուտն ու աղբը, որը տարիներ ի վեր լցվել է Վանոյի ուղղությամբ: Ներկայացնել ու մեկնել Վանո Սիրադեղյան տաղանդավոր արձակագրի, հրապարակախոսի, մեծ քաղաքական դեմքի ու պատմական պետական գործչի, շիտակ տղամարդու կերպարը: Պետությունը կառուցվում է արժեքներով, իշխանությունը հեղինակություն է ստանում արդարությամբ նաև: Հակառակը կդիտվի ժամանակի կեղծիք, չարած գործը իրենը կասի, քաղաքականությունը չներելու հատկություն ունի: Պատմության արդար դատաստանը ամեն ինչ իր տեղը կդնի և փլատակների տակը կթողնին թույլերին ու կեղծավորներին: Մենք այսօր շնորհավորում ենք Վանո Սիրադեղյանի տարեդարձ, մաղթում առողջություն ու չանցնող հույսով սպասում իր մասին լավ լուրերին: Ավարտենք ասելիքը Վանոյի ասածով. 

"Տաք եք, չեք զգում զանգվածային պսիխոզի խմորումը այս հողի վրա: Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ մեկիդ: Էլ ականջ չեն դնելու հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք երկիրը դուրս բերելու փոսից":

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան

Տեսանյութեր

Live

Լրահոս