Էս տունը բրախեմ, դո՞րը քինամ, քրտինքով շինած ա. այգեպարցիների կյանքը՝ կրակոցների տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

«Որտե՞ղ քինանք, բրախեմ էս տունը, դո՞րը քինամ, քրտինքով շինած ա։ Լրիվ տալիս, քանդում են։ Էս կյանքով ապրելի չի։ Հենց թմփոց ենք լսում, պադվալ ենք իջնում, էնտեղ եփում-թափում, քնում ենք»,- այս մասին 24News-ին պատմել է սահմանին մոտ գտնվող Այգեպար գյուղի բնակիչ կամ, ինչպես ինքն է ասում, 80-ամյա սահմանապահ Լիդա Այվազյանը։ 

Ռմբահարված մանկապարտեզ, փշրված պատուհաններ, ճաքճքած պատեր․ այս ամենը 24News-ի նկարահանող խումբը ֆիքսել է՝ լինելով սահմանամերձ Այգեպարում։ Երբ սահմանին լարված է, այգեպարցիները ժամեր շարունակ անցկացնում են ապաստարաններում։ Այստեղ յուրաքանչյուրն անկախ տարիքից իրեն սահմանապահ է համարում և շարունակում ապրել թշնամու կրակոցներից մասամբ կոտրված պատուհաններով, կիսաավերված տներում։ 

Այգեպար գյուղում վերջին օրերին հակառակորդի գործողություններից տուժել է մոտ 30 բնակելի տուն, որոնք մասամբ բնակեցված են, մասամբ ոչ։  Արդեն սկսվել են վնասների վերականգնման աշխատանքները։ 

Ներկայումս Այգեպարում հարաբերական անդորր է։ Հայկական զինված ուժերն ամբողջովին վերահսկում են սահմանային վիճակը։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ