Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների հարցը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս տարի ապրիլ ամսին Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող շուրջ 500  ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով Ոստիկանության բաժիններում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված շուրջ 1000 անձի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը։

ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը կարևորել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի երաշխավորման հարցում։