Հուսով ենք՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արագ կկարգավորվի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

պեսկով

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ առկա հուզական ֆոնը կանցնի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այս հակամարտության ազդեցությանը Մոսկվայում առևտրի ոլորտի վրա:

«Մենք հուսով ենք, որ ինչքան հնարավոր է շուտ կկարգավորվի այս իրավիճակը, այս կերպ զգայական ֆոնն իր նորմալ հունին կվերադառնա»,- ասել է նա: 

Պեսկովը նշել է, որ Մոսկվայում և ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում, բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են ապրում, և նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են, ռուս հասարակության հարգարժան անդամներ:

«Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը չի կարող անտարբեր թողնել այս քաղաքացիներին, և նրանք, իհարկե, արտահայտում են իրենց էմոցիաները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն զսպվածության կոչ է արել կողմերին, հորդորել անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում:

--00--ԱԹ