2016-ի գործողությունների հետ համեմատելի էր, փորձել են անակնկալի բերել մեզ, բայց չի ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է հուլիսի 12-17-ը ՀՀ ԶՈւ կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները: Ցուցադրությունից հետո ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը 24News-ին հայտնեց, որ խոցվել է ադրբեջանական 14 ԱԹՍ, բոլորը եղել են իսրայելական արտադրության: 

«Հայկական կողմը կիրառել է հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որևէ մեկը չի խոցվել հակառակորդի կողմից», - ասաց Մովսիսյանը: 

ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետը նշեց, որ ադրբեջանական կորուստները եղել են հայկական զինված ուժերի հմուտ և փայլուն գործողությունների շնորհիվ: 

«2016 թվականի ապրիլյան գործողությունների հետ համեմատելի էին հուլիսյան գործողությունները, հակառակորդը փորձել է հանկարծակիի բերել մեզ և հաջողության հասնել, բայց չի ստացվել, որովհետև ՀՀ զինված ուժերը զօրուգիշեր պատրաստ են ցանկացած բանի», - նշեց Գարիկ Մովսիսյանը: 

Գնդապետի խոսքով՝  աննախադեպ է եղել հատկապես «Elbit Hermes 900»-ի խոցումը: ԱԹՍ-ն հայկական դիրքից 6կմ հեռավորության վրա է եղել և խոցվել է ՀՕՊ հմուտ աշխատանքի շնորհիվ:

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ