Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 21, 24News

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը։

Լոսանկարում տան տիկինն է՝ Գոհարը, որ սուրճ է լցնում և նրա խնամին՝ տիկին Վարդուշը։

Տիկին Գոհարի աղջիկն ամուսնացել է տիկին Վարդուշի տղայի հետ։ Վերջինս զինծառայող է, մի քանի օր առաջ վիրավորվել է և հիմա Մուրացանի հոսպիտալում է։ Երևանում է նաեւ կինը՝ Գոհարի աղջիկը, որին ինչպես սկեսուրն է ասում՝ ուղարկել են, որ իր աչքով ամուսնուն տեսնի՝ խաղաղվի։

Կրակոցների ժամանակ այս երկու կանայք միշտ միասին են լինում։ Տիկին Վարդուշը խնամու տանն է գիշերում, որովհետև իր տունը շատ ավելի վտանգավոր դիրք ունի։

Մինչև քնելը երեքով շատ երկար զրուցեցինք, դառը կյանքից մինչև կատակներ, օրինակ, որ ականների պայթյունների ամենաթեժ պահին, մահճակալի տակ պատսպարված իրենցից մեկը մյուսին առաջարկել է՝ «նկարվել և սայթ գցել»։

Շնորհակալ եմ տիկին Գոհարին այդքան հոգսի մեջ մեր առաջ իր տան դռները բացելու եւ գիշերակաց տրամադրելու համար՝ տան տիկնոջ համար մեծ խառնաշփոթ:)

Գիշերն Այգեպարում խաղաղ էր, ասում են մի քանի կրակոց հնչել է, բայց ես անքան խորն ու ամուր էի քնել, որ չեմ լսել»։

--00--ԱԹ