Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ. Jerusalem Post

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

․

Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս վերտառությամբ հոդված է հրապարակվել իսրայելական Jerusalem Post-ում:

Հեղինակ Ալեքս Գալիցկին նշում է, որ Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։

«Ադրբեջանը հաճախ է ցույց տվել երկրում ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։ Սակայն Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետություն է»,- նշված է հոդվածում:

Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր արցախահայերի և Նախիջևանի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության կողմից աջակցվող հայերի ջարդերին և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը: Այդ ծրագրերը նաև ուղղված էին հրեական համայնքներին, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն ՝ ի պատասխան հալածանքների հաճախակիացած դեպքերի։

«Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա վերջին հաշվով հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է կրակի դադարեցմամբ, ինչը փաստացի ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։ Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում ՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- ասված է հոդվածում:

Jerusalem Post-ը նշում է, որ 2000-ական թվականների սկզբին Նախիջևանում շուրջ 28 000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպանության շրջանակներում։ Հոդվածում հիշատակում է նաև Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին, որը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող ծրագրի ընթացքում:

«Սաֆարովը վեց տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին` չնայած հունգարական դատարանի կողմից կայացված ցմահ բանտարկության վճռին, սակայն ժամանելուց հետո ներում ստացավ, կոչումը բարձրացվեց և զանգվածային լրատվամիջոցների կողմից հռչակվեց որպես ազգային հերոս՝ իր «հայրենանվեր պարտքը կատարելու համար»,- նշում է Jerusalem Post-ը:

Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծ ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը:

«Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ վանկարկելով «Մա՛հ հայերին» և Հայաստանի հետ պատերազմի կոչ անելով։ Պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են նրա գոյության հիմնարար իրավունքը»,- նշված է հրապարակման մեջ:

Jerusalem Post-ը գրում է, որ բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից, այդ երկիրը նաև երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ:

«Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում ՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՝ ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը»,- ասված է հոդվածում:

Իսրայելական լրատվամիջոցի հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ: 

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս