Արգիշտի Քյարամյանն իրեն տեղակալ կբերի Դատախազությունից. որոշումը կայացված է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որեւէ մեկին:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են:

Զրուցել էինք նաեւ Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատեւ ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան: Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով եւ, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի:

Եվ սա էլ պատահական չէ. բանն այն է, որ Արգիշտի Քյարամյանը երկու տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում եւ ներսից գիտի՝ դատախազությունում ինչ է կատարվում: Մասնավորապես, Քյարամյանը 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ:

Եվ, ահա, իր փորձն աչքի տակ ունենալով՝ նա որոշել է իրեն տեղակալ բերել այդ համակարգից որեւէ մեկին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ