Կաթողիկոսը դժգոհել է՝ Փաշինյանի հետ այլ պայմանավորվածություն ունեին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում գրել էր, որ կրթական նոր չափորոշիչների եւ, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների համար կաթողիկոսի հետ հանդիպման էին գործուղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ մի քանի պատգամավորների:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ կաթողիկոսի եւ իշխանությունների միջեւ ավելի են սրվում հարաբերությունները, եւ հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասով այլ պայմանավորվածություն են ունեցել, իսկ հիմա մամուլից այլ բան են իմանում, եւ այն, ինչ պայմանավորվել են, տեղի չի ունենում:

Մենք տեղեկացանք, որ կաթողիկոսը տարօրինակ եւ անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը, նաեւ հստակ բարձրաձայնել է, որ իրենք չեն ընդունում նոր չափորոշիչները եւ այն առաջարկը, որի համաձայն՝ այս առարկան պետք է դասավանդի Հայոց պատմություն առարկայի հետ: Ավելին, կաթողիկոսը նաեւ նկատել է, թե պետք չէ շտապել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կրթական նոր չոփորոշիչներն ընդունելու հարցում, այլ պետք է քննարկել եւ դրանց մասնակից դարձնել նաեւ Եկեղեցու ներկայացուցիչներին: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ