Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխումը պիտի լինի հավասարաչափ․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սակայն միեւնույն ժամանակ` նշում, որ դեռեւս երկար աշխատանք կա անելու: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Արտակարգ ծրագրերի բաժնի ղեկավար Մայք Ռայընը գովեստի խոսքեր է ասել AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութի փորձերի արդյունքի կապակցությամբ ու նշել, որ դրական ու հուսադրիչ արդյունքներ են արձանագրել նաեւ ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունները: ‘’Փորձարկումների առաջին փուլերից հետո ամենակարեւորը վերջնական փուլերն են’’, ասել է նա:

Կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով էլ, ‘’Հույսը միայն պատվաստանյութի վրա դնել չի կարելի: Մենք պարտավոր ենք այս ընթացքում կյանքեր փրկել, ու պիտի շարունակենք ավելին անել ներկա պահին մեր ունեցած բոլոր միջոցներով’’:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի հասանելիությանը, Գեբրեյեսուսն ասում է, թե աշխարհի քաղաքական առաջնորդները պիտի այն կարողանան հասանելի դարձնել աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

‘’Քաղաքական կամք ու պատրաստակամություն է հարկավոր, որպեսզի պատվաստանյութը բաշխվի հավասարապես, հատկապես աղքատ երկրներին ու նրանց, ովքեր չունեն այն ձեռք բերելու միջոցներ’’, ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ը արդեն սկսել է ու ավարտին է հասցնում պատվաստանյութը բաշխելու ցանկը: Ըստ կազմակերպության փորձագետների, պատվաստանյութի հավասարաչափ բաշխումը բխում է նաեւ համաշխարհային տնտեսության շահերից:

--0--ԿԿ