Նելլի, չմտածես, դու սովորելու ես․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրենքով ամրագրված անարդարություն

Նելլի, չմտածես, դու սովորելու ես

Երկու օր չեն դադարում բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների բողոքի ցույցերը։ Նախարարությունն անդրդվելի է՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին, կետին ու դուխին համապատասխան։ Դիմորդները, ըստ նախարարության, պարտավոր էին ծանոթանալ ընդունելության քննությունների կարգում արված փոփոխությանը, ըստ որի՝ գերակա է առաջին հայտը։ Ու բնավ կապ չունի, որ սահմանամերձ Բերդավանի դպրոցի միակ ոսկե մեդալակիր Նելլի Ազարյանը ստացել է 18.75 միավոր եւ դուրս է մնացել իրավագիտության ֆակուլտետից։ Իսկ Նելլիի 14 հոգանոց դասարանում բոլորը, բացի իրենից, անգամ 8.5 ստացողները, ընդունվել են բուհ։ Ու բնավ կապ չունի, որ երկու օր ցույց անող Նելլիի նման բազմաթիվ շնորհալի երեխաներ, որ բարձր միավորներ էին հավաքել, բուհից մնացել են դուրս, իսկ 8.5 ստացողը, ում բախտը բերել էր առաջին հայտի ճիշտ նշանակետին խփելով, նրանք կդառնան բժշիկ ու իրավաբան։ Չնայած, մեծ կասկածներ ունեմ, որ կդառնան։

Էս հարցը պիտի լուծվի, ու էս հարցը չի կարող էսպես մնալ։ Նելլի Ազարյան ու բարձր միավորներ ստացած դիմորդներ, դուք պիտի սովորեք ու մենք բոլորս, էն որ խոսում ենք, թե գիտելիքը ամենամեծ ուժն է, ամեն ինչ պիտի անենք, որ դուք շարունակեք ձեր կրթությունը։

Ի վերջո, սոցիալական լարվածության այս ֆոնին, երբ բուհերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այդ երեխաները պատրաստ են վճարել սովորելու համար, ի՞նչ իմաստ ունի գնալ արհեստական առճակատման եւ այս երեխաներին կոտրելու ճանապարհով։

Ես երբեւէ մեծ հույսեր չեմ կապել այս նախարարության հետ, բայց հիմա դիմում եմ իրենց՝ վերանայեք ձեր որոշումը, արդարությունը շատ ավելի բարձր է, քան տվյալ պահի օրենքի կամ կարգադրության կետն ու տառը, որը միշտ հնարավոր է շտկել։ Ու որոշում վերանայելը, հավատացեք, թքածը լիզել չի, այլ արժանապատիվ քայլ։

Մինչդեռ, բարձր միավորներ ստացած այս երեխաների հուսալքությունն ու վիրավորանքը ոչ մի բանով ու երբեք այլեւս շտկել չի լինելու։

Նելլի՛, դու ու քո ընկերները հաստատ սովորելու եք, որովհետեւ դու՛, Նելլի, քո հայրենի Բերդավանի պարբերական ռմբակոծության տակ գիրք ես կարդացել, սովորել ես, ու հիմա մեր բոլորի արժանապատվության հարցը պիտի լինի քո եւ մյուս երեխաների այս շատ պարզ հարցի ճիշտ լուծումը գտնելը»։

--0--ԿԿ