Սուբյեկտիվ մտքեր՝ Սիմոնյանի ու Քյոսայանի տեքստերի ու ոչ միայն դրանց շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

հասարակական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Russia today»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի և նրա ամուսնու՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի գրառումներին:

«Սուբյեկտիվ մտքեր՝ Սիմոնյանի ու Քյոսայանի տեքստերի ու ոչ միայն դրանց շուրջ

Երբ մեկին ինչ-որ բան ես ուզում ասել, եւ ուզում ես, որ նա հասկանա, ընդունի, մտածի, պետք է ընտրություն կատարես բառամթերքումդ: Այլ դեպքում դիմացինդ չի ընդունի, չի հասկանա, չի մարսի ասածդ. այլ դեպքում կնշանակի, որ ընդամենը խփել, ցավեցնել ես ուզել, կամ քո խոսքն ուղղված է եղել ոչ թե ֆորմալ հասցեատիրոջը, այլ նրա կողքին կանգնած մարդկանց՝ հասցեատիրոջ հանդեպ վերաբերմունքներ փոխելու նպատակով:

Երկար մտածում էի, թե ինչ նպատակ էին հետապնդում Մարգարիտա Սիմոնյանի, իսկ այսօր նաեւ՝ Տիգրան Քյոսայանի հայտարարությունները, չնայած ուղիղ ասվում էր, որ ՀՀ իշխանություններին են ուղղված: Ակնհայտ է, որ ասվածի բառամթերքը հասցեատիրոջը միտք հասցնելու միտում չուներ (առավել եւս, որ մտքի առողջությունն էլ է վիճելի), այլ հանրության տրամադրությունների ստուգմանը, ինչը որպես գործ բարեխղճորեն կատարվեց:

Ես չեմ կարծում, որ այս մարդիկ հիմար են կամ անտեղյակ են, որ ՀՀ իշխանությունների լեգիտիմությունն ու վստահելիությունը Հայաստանում շատ բարձր է, ըստ այդմ խփելով իշխանություններին, մեծապես խփում են նաեւ ժողովրդի մեծ մասի հույզերին, առավել եւս, որ այլ հուզական շերտեր էլ են շոշափում:

Հետաքրքրին այստեղ այլ բան էր՝ իշխանություններին անթաքույց ատող խմբավորումներին սպասարկող ինֆոբիզնեսների վարքը՝ այս ամենը ակնհայտ ցնծությամբ հայաստանյան հանրությանը ներկայացնելը: Սա նաեւ հանրային մեկ այլ խումբ տրամադրությունների դեմոնստրացիա էր, քանի որ բացահայտ աջակցումը քաղաքականապես վտանգավոր էր (չնայած մի քանի աղոտ փորձեր արվեցին): Պետք էր որեւէ կերպ ցույց տալ՝ մենք էլ կանք, մենք էլ ենք խաղացող:

Բայց որքան հետեւում եմ սոցցանցերում, դա ավելի շատ գրգռեց հանրության զայրույթն ու նպաստեց համահայկականության գաղափարի պոտենցիալ սրբագործմանը՝ նոր դիսկուրսներ առաջացնելով ու սիմոնյանական դիսկուրսի կրողներին լուսանցքայնացնելով: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել»,-գրել է Թևոսյանը:

--0--ԿԿ