Եվրամիությունը կաջակցի ոչ միայն տեխնիկապես. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Հայաստանի գործընկերների աջակցությամբ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունը կանցնի ոչ միայն տեխնիկապես բարվոք վիճակում, այլև շատ ավելի թափանցիկ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկի ժամանակ կառավարությունում լրագրողներին հայտնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Մեր նպատակն է՝ ունենալ ազատ, թափանցիկ ընտրություններ։ Եվրամիությունը մեզ կաջակցի ոչ միայն տեխնիկապես, այլ կօգնի արդար ընտրություն անցկացնել, որը մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն է»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Համապատասխան փաստաթղթի ստորագրությամբ այսօր պաշտոնապես մեկնարկեց ՀՀ կառավարության, Եվրոպական միության (ԵՄ), Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։ 

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։