Գողություն և վանդալիզմ՝ Ամուլսարում. «Լիդիան Արմենիան» ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

1

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները:

Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետևանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, եւ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ:

Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ՝ տե՛ս տեսանյութը։

Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։

Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերեւույթ ենթարկվել են թալանի եւ վանդալիզմի։

Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։

Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով։

«Լիդիան Արմենիայի» տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ