ԱԱԾ-ում սատանաների որսը շարունակվում է

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

ԱԱԾ

Ադրբեջանի համար տեղեկատվության հավաքագրման փորձ անգամ տեղի չի ունեցել, և ԱԱԾ-ն շարունակում է սատանաների որսը ու աշխատանքի իմիտացիան: Այս մասին հայտնում է 168-ը՝ պատասխանելով հարցին՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի UNISEF-ի բաժինը որոշել է իրենց գործընկերների միջոցով բնակչության շրջանում հարցումներ իրականացնել՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, և ԱԱԾ-ի կողմից նշված հեռախոսահամարները հենց այդ գործընկերների հեռախոսահամարներն են, որոնք տրամադրել է Վիվա-ՄՏՍ-ը, ինչի մասին նշում է իր իսկ տարածած հաղորդագրության մեջ:

Զանգել են բազմաթիվ քաղաքացիների, սակայն որևէ հարց, բացի կորոնավիրուսին վերաբերող թեմաներից, հարցման բովանդակության մեջ չի եղել:

Ինչ-որ օգտատեր, հավանաբար, մեկը այն կատեգորիայի անձանցից, ովքեր ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգեր են կատարում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե ադրբեջանցիներ են զանգում, տվյալներ են հավաքագրում, և հենց այդ ինֆորմացիան է ԱԱԾ-ի համար հիմք հանդիսացել սատանաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:

Կայքի տեղեկություններով՝ նույնիսկ հարցումներ իրակակացնող ընկերությունների պատասխանատուներին են հրավիրել ԱԱԾ ու հարցաքննել:

ԱԱԾ-ում, թերևս, դրանից հետո հասկացել են, որ ոչ մի ադրբեջանական հետք էլ չկա այդ հարցումների մեջ, բայց քանի որ կառույցի երիտասարդ, բայց անփորձ տնօրենին երևի շատ է պետք վարչապետի աչքերում ամենակարող երևալ, հյուսվում է վերոբերյալ լեգենդը:

Փորձել են տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից՝ նշելով, որ տեղեկություն ունեն, որ ԱԱԾ երեկվա տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, խնդրել են մեկնաբանել: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավարը, սակայն, ասել է, որ հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ