Հայր ու որդի պարբերաբար գողացել են Երևան-Երասխ մայրուղու կամրջի բետոնե սալիկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին՝ ժամը 11.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 47-ամյա մի տղամարդ, ապա, ժամը 12.00-ին՝ նրա 18-ամյա որդին։

Պարզվել է, որ հուլիսի 5-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայր ու որդի պարբերաբար գողացել են Երևան-Երասխ մայրուղու կամրջի բետոնե սալիկները: Գողոնը հայտնաբերվել է։

Նույն օրը գիշերը Արտաշատի քրեական հետախույզները ստացան նմանատիպ մեկ այլ տեղեկություն. Երևան-Երասխ ճանապարհի մեկ այլ կամրջից ևս գողություն են անում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները, գողություն կատարելու պահին, բռնել և բաժին բերման են ենթարկել 22 և 24-ամյա երկու երիտասարդի՝ նրանց «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։ Պարզվել է, որ երիտասարդներն արդեն հասցրել էին ապամոնտաժել մի քանի տասնյակ երեսպատման սալիկ և բեռնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունը ավարտին չէին հասցրել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գողոնն առգրավվել է:

Երկու դեպքով էլ պարզվում է պատճառված վնասի չափը:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ