Նման մարտունակ բանակի պարագայում ՀՀ-ն դրսից օգնության կարիք չունի. Լիտովկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

լիտովկին
24News.am-ի հարցերին պատասխանում է «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե»-ի նախկին պատասխանատու քարտուղար, «ՏԱՍՍ»-ի ռազմական տեղեկատվության խմբագրության նախկին ղեկավար, ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը:

 

-Պարո՛ն Լիտովկին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում հայտարարեց, մեջբերում եմ, «փորձեր են արվում Ռուսաստանը դարձնել ազգամիջյան բախումների թատերաբեմ»։  Խնդրում եմ՝ մեկնաբանեք այս հայտարարությունը:

-Բնականաբար, Դուք նկատի ունենք հայերի և ադրբեջանցիների միջև վերջին բախումները Մոսկվայում։ Այո՛, որոշակի ուժեր և որոշակի գործիչներ փորձում են իրենց երկրների առաջ ծառացած ներքին խնդիրները, ազգաբնակչության դժգոհությունն ուղղորդել այլ հունի մեջ: Փորձեր են արվում որոշակի գործողություններով, սպառնալիքներով, ապակայունացնող քայլերով արագացնել ղարաբաղյան խնդրի՝ իրենց համար նպաստավոր լուծումը։ Սակայն պետք է գիտակցել, որ նման թնջուկների լուծումը կարող է պահանջել տասնամյակների տքնաջան աշխատանք։

Ինչ վերաբերում է վերջին օրերի բախումներին, ապա, կարծում եմ, որ այն բանից հետո, երբ հայկական ապրանքները և հայ առևտրականները  վերադարձան «Ֆուդ Սիտի» մեծածախ առևտրի կենտրոն, կոնֆլիկտը պետք էր համարել սպառված։ Համոզված եմ, որ և՛ մոսկովյան, և՛ ռուսաստանյան իշխանություններն ունեն բոլոր լծակները, ուժը և կամքը՝ ազգամիջյան ցանկացած բախման փորձ չեզոքացնելու։ Պետք է կողմերը հրաժարվեն արդար, մեղավոր փնտրելու փորձերից, առավել ևս՝ նման կոչերով ռուսական իշխանություններին դիմելուց։ Մոսկվան ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու ցանկացած փորձ իշխանությունների կողմից խստորեն կհակադարձվի, և միջոցների ընտրության առումով որևէ երկընտրանք լինել չի կարող։

-Ի՞նչ տպավորություն ստացաք հայ-ադրբեջանական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանային գոտում բախումից։

-Ես կարծում եմ, որ երկրում կուտակված ներքին խնդիրների լուծումը, դժգոհության պարպումը սահմանային միջադեպեր հրահրելու ճանապարհով, այլանդակություն է։

 -Դուք ակնկալո՞ւմ էիք, որ հայկական բանակը ունակ է նման հակահարվածի։

-Անձամբ ինձ համար որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Ես գիտեմ հետխորհրդային երկրների բանակների հնարավորությունները, և այն, որ հայկական բանակը խիստ մարտունակ է, վաղուց նորություն չէ։

-Որքանո՞վ է Թուրքիան ներգրավված այս գործընթացներում և որքանո՞վ է այդ երկիրը հրահրում Ադրբեջանի նման արկածախնդրությունները։

 -Դուք ինձ ճանաչում եք վաղուց և գիտեք, որ ես սովոր եմ խոսել փաստերով, որոնք իմ ձեռքի տակ այս պահին չկան։ Սակայն բավականին խոսուն է այն հանգամանքը, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն առնվազն հայտարարությունների մակարդակով իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ Ավելացնելու բան չունեմ։

 -Դուք գո՞հ եք վերջին դեպքերի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքից։

-Չգիտես ինչո՞ւ, հայերին թվում է, թե ՀԱՊԿ երկրները պարտավոր են իրենց պաշտպանել ամեն առիթով։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ կազմակերպության անդամ-երկրներն ունեն տարբեր առաջնահերթություններ և նախասիրություններ։ Իրականությունը սա է։

ՀԱՊԿ-ը հայտնեց իր մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, արձանագրեց դրանց անթույլատրելիությունը։ Դուք գիտեք, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվում են համակարծության (կոնսենսուս) սկզբունքով։ Այո՛, կարող է լինել նաև համակարծության բացակայություն։ Դա սարսափելի չէ:

-ՀԱՊԿ դիրքորոշումն այս կամ այն չափով հասկանալի է։ Այդ դեպքում ի՞նչ ակնկալել հայ-ռուսական միացյալ զորախմբից նման իրավիճակներում:

-Դուք գիտեք, որ զորախմբի ստեղծման «համաձայնագրում» մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության՝ Կովկասյան տարածաշրջանում կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։ Այսինքն՝ զորախմբի խնդիրներից կարևորագույնը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն է։

-Կարծում եք, որ սահմանային այս միջադեպը սպառնալի՞ք էր Հայաստանի ինքնիշխանությանը։

-Հայկական բանակն իր առաջ դրված խնդիրը լուծեց առանց որևէ արտաքին միջամտության։ Ընդհանրապես կարծում եմ, որ նման մարտունակ և մոտիվացված բանակ ունեցող երկրում օրակարգից պետք է դուրս գա՝ «տեսնես՝ մեզ կօգնե՞ն, թե՞՝ ո՛չ» անգամ հռետորական հարցը։ Ես հասկանում եմ, որ ձեր երկրում կան մարդիկ, որոնք չեն ողջունում Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը։ ՀԱՊԿ-ի հետ կապված բարդ հարցերի ուղղումը զրուցակցին ինձ մոտ ստեղծում է ցավացող կոշտուկը սեղմելու տպավորություն։

-Պարո՛ն Լիտովկին, կարո՞ղ ենք կապ տեսնել սահմանային միջադեպի և ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում օրերս սկսված զորավարժությունների միջև։

-Կարծում եմ՝ ո՛չ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ մյուս շահագրգիռ երկրները փայլուն տեղեկացված են ՌԴ ԶՈՒ մարտական հնարավորություններից, և ավելորդ սպառնալիքներ ստեղծելու, կամ ինչ-որ մեկին վախեցնելու կարիք Ռուսաստանը չունի։ Բանակը նախապատրաստվում է սեպտեմբերի 9-ին մեկնարկող «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժություններին, ինչի մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղյակ պահեց իր ադրբեջանական գործընկերոջը։

-Մեր քննարկման առարկա սահմանային միջադեպը միտում ունի՞ վերածվելու լայնամասշտաբ ընդհարման։

-Չեմ կարծում։ Չնայած հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ վնասի կամ ավերածությունների այն չափին, ինչը կհետևի մեծամասշտաբ ռազմական գործողություններին։

-Պարո՛ն Լիտովկին, ե՞րբ ենք անկեղծություն ունենալու ասել, թե ո՞վ է նախահարձակ կողմը, կամ ագրեսորը։

-Գիտեք, թերևս դա ամենաբարդ հարցն է, չտիրապետելով առարկայական դիտարկման և վերահսկողության արդյունքներին, նշել ագրեսորին։ Նման պատասխանատվություն չի ստանձնի ո՛չ ռազմական մասնագետը, ո՛չ բանակցային գործընթացում ընդգրկված դիվանագետը, ո՛չ  պետական գործիչը, որը փայլուն հասկանում է իր ամեն բառի արժեքը։

-Բայց չէ՞ որ բոլորին հասկանալի է, որ և՛ Հայաստանին, և՛ Արցախին ձեռնատու է գործող ստատուս-քվոն։ Հայկական կողմերը, բնականաբար, անհարկի առճակատումից խուսափում են։

 -Դուք շատ լավ հասկանանում եք, որ Ձեր արձանագրումը բնավ բավարար պայման չէ տեղի ունեցածի խորը վերլուծության անհրաժեշտության և գնահատականների առումով։

-Փաստորեն, հետխորհրդային տարածքի, ինչպես նաև նախկին ընկերվարական ճամբարի երկրների ազգամիջյան կոնֆլիկտները կա՛մ սառեցված են, կա՛մ գտնվել են դրանց ինչ-որ միջանկյալ լուծումներ։ Միայն Ադրբեջանը չի հանդարտվում։ Ինչո՞վ են լավը մոլդավացիներից կամ սերբերից։

-Դուք գիտեք, որ Մերձդնեստրում տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Դուք չեք ցանկանում, որ Ղարաբաղում տեղակայվեն նման ուժեր։

 -Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է տարածաշրջանում ունենալ նման ուժեր՝ որպես ազդեցության լրացուցիչ լծակ։

-Ռուսաստանը տարածաշրջանում ունի նման լծակ՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի։ Ընդ որում, դա նաև Հայաստանի լծակն է Ռուսաստանի վրա ազդելու, լավ իմաստով։ Սա դիալեկտիկա է, մենք կախված ենք իրարից։ Եվ կարծում եմ, որ Ռուսաատանի հետ ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանին զերծ է պահել, և դեռ պահելու է բազմաթիվ փորձություններից։ Հատուկ ընդգծում եմ, որ սա Հայաստանի անվտանգային համակարգի միակ գործոնը չէ։ Եվ ընդգծում եմ մեկ այլ կարևորագույն գործոն ևս՝ Հայաստանի բարձր մարտական ոգին և բարձր մարտական վարպետություն ունեցող բանակի առկայությունը։

Սարգիս Սարգսյան

--00—ԼՄ