ԼՂ հարցն ուժի միջոցով լուծելու միֆը փլվեց, դրա համար է Ադրբեջանը նյարդային. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն RBK-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից ի վեր իրավիճակի սրմանը: Նա հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում էր, թե դուրս կգա բանակցային գործընթացից, համոզմունք էր հայտնում, թե ԼՂ խնդրի լուծման միակ ուղին ուժի կիրառումն է:

«Ադրբեջանի ղեկավարը երկար տարիներ խոստացել է իր ժողովրդին, որ ԼՂ հարցը կլուծի զինված հարձակման ճանապարհով: Խնդիրն այն է, որ վերջին 10 տարիներին Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի միլիարդ դոլար է ծախսել «Ադրբեջանի ԶՈւ» զարգացման անվան տակ, և երբեմն-երբեմն Ադրբեջանի ղեկավարը ստիպված է լինում պատասխանել իր ժողովրդին՝ ինչո՞ւ այդ գումարները չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար՝ այն պատճառաբանությամբ, թե դրանք պետք են ԼՂ հարցն ուժի միջոցով լուծելու համար, սակայն դա տեղի չի ունենում»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը հարձակման ուղղություն դարձրեց Հայաստանը, և ոչ՝ Լեռնային Ղարաբաղը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ասել են՝ այժմ չենք կարող հարձակվել ԼՂ ուղղությամբ, քանի որ ԼՂ ԶՈւ-երը տեսահսկման համակարգեր են տեղադրել շփման գծում, ուստի Ադրբեջանի զորքերի ցանկացած տեղաշարժ տեսանելի կլինի: Կա նաև երկրորդ գործոնը. շփման գծում կան Ադրբեջանի շատ բնակավայրեր, ուստի այժմ դժվար է այդ ուղղությամբ հարձակում գործել, իսկ այս ուղղությամբ միայն մեկ ադրբեջանական գյուղ կա, մինչդեռ հայկական գյուղերը շատ են:

«Ես մի քանի անգամ՝ և հրապարակայնորեն, և աշխատանքային միջավայրում խորհուրդ եմ տվել Ադրբեջանի նախագահին՝ մեզ հետ չխոսել ուժի կիրառման սպառնալիքի լեզվով, դա որևէ արդյունք չի բերի: Նա անընդհատ պնդում էր, ընդհանրապես՝ Ալիևի քաղաքականության գիծն այդպիսին է՝ Ադրբեջանը հզոր բանակ ունի, և երբ անհրաժեշտ լինի, 24 ժամում Ադրբեջանի բանակը կարող է լուծել ԼՂ հակամարտությունը: Նրանք 15 տարի նման միֆ են ձևավորել: Ինչո՞ւ են նրանք այդքան նյարդային արձագանքում վերջին իրադարձություններին. քանի որ այդ միֆը փլվեց: Ինչո՞ւ, որովհետև ՀՀ զինված ուժերն այնպիսի պատասխան են տվել, որ որևէ մեկը նման բան չէր սպասում: Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին Հայաստանում, մասնավորապես ԶՈւ-ում տեղի ունեցած ռեֆորմներն արդյունավետ են եղել»,- ասել է նա:

--00--ԱԹ