Հայտնաբերվել են սահմանված քանակից ավել մարդկանցով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները հուլիսի 28-ին շարունակել են համատեղ վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից վարչական տարբեր շրջաններում սկսված շրջայցի և վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին, ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։
Հայտնաբերված խախտումների դեպքերով ՃՈ կողմից կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ՝ ՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում կատարել են իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

ՀՀ պարետի որոշմամբ Երևանում և մարզերում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները լինելու են ամենօրյա և կրելու են շարունակական բնույթ։

--0--ԱՀ