Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածն ընդամենը կենցաղային միջադեպ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

արսեն

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին անհրաժեշտ եմ համարում արձանագրել՝

1) Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածն ընդամենը կենցաղային միջադեպ է, որի առնչությամբ Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ակնհայտ քաղաքական պատվեր է, որն իջեցվել է ամենաբարձր մակարդակից։

2) Քաղաքական պատվեր լինելու փաստը հաստատվում է այն պարզ հանգամանքով, որ տեղի ունեցած միջադեպից տուժած անձը, Արթուր Դանիելյանը, քրեական գործով անցնում է ոչ թե որպես տուժող, այլ՝ որպես մեղադրյալ։ Սա հստակ ապացույցն է այն իրողության, որ քաղաքական իշխանությունն օգտագործում է կենցաղային այդ միջադեպը, որպեսզի Արթուր Դանիելյանի նկատմամբ իրագործի քաղաքական կոշտ հետապնդում։

3) Հաշվի առնելով, որ անկախ այն հանգամանքից, թե Արթուր Դանիելյանի և իր ղեկավարած միաբանության կողմնակիցները, համախոհները կամ հակառակորդներն ինչ համոզմունքներ ունեն՝ Արթուր Դանիելյանը վերջին ժամանակաշրջանում նյարդայնացնում է քաղաքական իշխանությանը, որից էլ ակնհայտ է դառնում, որ շինծու քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական նպատակ, մասնավորապես՝ Արթուր Դանիելյանին և հնարավոր մյուս բոլոր քննադատներին լռեցնելու անառողջ նպատակ։ Այսպիսով քաղաքական իշխանությունը փորձում է ցույց տալ բոլորին, որ քննադատությունները չեն հանդուրժվում, իսկ քննադատների նկատմամբ իրականացվում են ճնշումներ և հետապնդումներ։

Ամփոփելով վերոնշյալ արձանագրումները՝ գործող քաղաքական իշխանությանը կոչ եմ անում մի կողմ դնել մանրախնդրությունը, զերծ մնալ քաղաքական հետապնդումներից, դրա փոխարեն կենտրոնանալ մեր Հայրենիքում առկա լրջագույն խնդիրների լուծման վրա, մասնավորապես՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շփման գծում արդեն բոլորի կողմից մեծ հավանական համարվող հնարավոր էսկալացիայի խնդիրը, Նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրները, և առկա տնտեսական խնդիրները, որոնք բերելու են ժողովրդի անխտիր բոլոր շերտերի բարեկեցության անկման, որոշ դեպքերում էլ՝ ապրուստի միջոցների իսպառ բացակայության»։

 

--00—ԼՄ