Հեղափոխության համատեքստում չէ․ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը դժգոհություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը մեկ շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ վստահեցրեց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում առավելագուն չափով ապահովելու է ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը։ Չնայած դրան, նրա առաջադրումը մի շարք դժգոհությունների առիթ  է դարձել։ 

Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ, Մարտի 1-ի զոհերի հարազատները ու 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո քաղաքական դրդապատճառներով դատապարտված մի քանի տասնյակ մարդիկ Ավետիսյանի թեկնածությունն առաջարկած կառավարությանը կոչ արեցին հետ կանչել առաջադրումը, հակառակ դեպքում՝ խորհրդարանը պետք է  մերժի այն։
Քննադատները հիշեցնում են նաև ՍԴ դատավորի թեկնածուի հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունը, այն, որ նա 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը և քննել է Մարտի 1-ին առնչվող գործեր։ Դատապարտվածների ու զոհերի հարազատների ձևակերպմամբ՝ «իրավապահների շինծու մեղադրանքները վերջնականապես հաստատվում էին հենց Վճռաբեկ դատարանի քրեական պալատում»։ 

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս Ավետիսյանի առաջադրումը չեղարկելու մասին որևէ քննարկումներ չկան։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար զարմանալի և անակնկալ էր Վահրամ Ավետիսյանի առաջադրումը։ Ըստ նրա՝ կառավարության այս քայլը չի տեղավորվում հեղափոխության համատեքստում, ինչի պատճառով էլ շատ մարդիկ զարմացած են։

«ՍԴ դատավորի թեկնածուն պետք է հանրային դեմք լիներ, պետք է տարբերվեր իրավաբանական լուռ համայնքից, իսկ Հարությունյանի խոսքով՝ Ավետիսյանն այդ իրավաբաններից չէ», - ասաց իրավապաշտպանը։ 

Վարչապետի մամուլի խոսնակը 24News-ին պարզաբանեց, որ կառավարությունն Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելով հաշվի է առել նրա մասնագիտական կարողություններն ու գործունեությունը։

24News-ը փորձեց նաև կապ հաստատել Վահրամ Ավետիսյանի հետ, սակայն նա չպատասանեց մեր հեռախոսազանգերին։ Չնայած, ՍԴ դատավորի թեկնածուն օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր դժգոհություններին՝ ընդգծելով, որ Իր համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս չի առաջդնորդվել խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ 
Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ  «Իմ քայլը»  խմբակցությւնը կհանդիպի Վահրամ Ավետիսյանի հետ։ 
«Այս պահին թեկնածու է մի անձ, ով անմիջական որևէ կապ չի ունեցել որևէ դատավճռի հետ, դատական գործի քննության հետ», - ասել էր Մակունցը:

Խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ բարձրացված հարցերի պատասխանները փորձելու են ստանալ Վահրամ Ավետիսյանից։ 

Հիշեցնենք, որ ներկայումս ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հաջորդ իրավունքը նախագահինն է, ապա թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ