Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ հուլիսի 30-ին,  քննարկում է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: 

«Չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով իր հոր հետ կապված թեմային ՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ անհրաժեշտ է պարզել՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը. այն քննո՞ղ դատարան է, թե՞ ոչ, առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միան ենթադրություններով։

Այն դիտարկմանը, թե քաղաքական վճիռներ են կայացվել Մարտի 1-ի գործով, ինչի մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Ավետիսյանն արձագանքեց.

«Ես հասկանում եմ նման հարցադրում կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում դրանք, որովհետև այժմ կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել գործերին, իմ հայրն արդեն շուրջ հինգ տարի է թոշակի է գնացել ու չեմ պատկերացնում պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա», - ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-2016 թվականներին պաշտոնավարել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

--0--ԿԿ