ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այդ երկրում քաղաքական ակտիվիստների շարունակվող ձերբակալությունների համար։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նախօրեին նման բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Սուննա Շվարսդոտիրը և Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Ստեֆան Շենաքն ու Ռոջեր Գեյլը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո կազմակերպված ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալությունների առթիվ։ Մեզ հատկապես մտահոգում են այն հայտարարությունները, որոնց համաձայն ձերբակալվածներին կտտանքների են ենթարկում՝ փորձելով նրանցից պետական հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզել», - նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։

--00--ԱԹ