ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաների համար ստեղծվում են լուրջ խնդիրներ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

էդմոն

Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։

Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը։

Այս կապակցությամբ դիմել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է Մարուքյանը։

--0--ԱՀ