Բերդի ոստիկանության մոտ պայթյուն իրականացնելու համար ձերբակալվել է Բերդի 40-ամյա բնակիչը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Բերդ քաղաքի բնակիչ է՝ 40 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով և հարցաքննվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով  վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կատարվել են խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 --00—ՄՀ