Ռոմանոս Պետրոսյանի հանձարարականով կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։

Այստեղ առկա են տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենել ամենասեղմ ժամկետներում։

Քննարկել են Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակվի խորքային բարեփումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր։

Նախարարը դիտարկումներ է արել ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ Առաջիկայում ավելի հանգամանալից անդրադարձ կկատարվի այս խնդրին։

Անդրադարձել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։

Նախարարի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարվկում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։

Նախարարի խոսքով՝ իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։
Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։

Շրջակա միջավայրի նախարարը երաշխավորում է՝ հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։

Նախարարի առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կանգ կառնեն նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։

--00--ԱԹ