Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անկոտրում է․ Սուրեն Պապիկյանը՝ Բերդում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Նախարարը շրջել է հուլիս ամսին մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց կրած գույքային վնասների վերականգնման և վերանորոգման աշխատանքներին:

Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան:Ներկայումս ընթանում են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 17 տների տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքները: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը: 

Այցի շրջանակներում նախարարը մարզպետի, համայնքապետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի ուղեկցությամբ համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալիս հայտնել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները:

Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ կառավարության համար հրատապ և առաջնահերթ է հնարավորինս արագ վերականգնել սահմանապահ համայնքների բնականոն առօրյան, իսկ այդ նպատակով նախարարի խոսքով անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել

շինարարական աշխատանքներին:

Անդրադառնալով պատասխանատու պաշտոնյաների՝ մինչ այժմ կատարած մեծածավալ աշխատանքին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հաջորդիվ դրանք պիտի ուղղվեն ոչ միայն կրած վնասների չեզոքացմանը, այլև պիտի սահմանեն էլ ավելի բարձր նշաձող` ուղղված սահմանապահ համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: «Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ. Մեր առաջակի անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»:

Նախարարը այցի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնողների և սահմանապահ համայնքների բնակիչների հետ արդեն իսկ իրականացվող գործողությունների հետ զուգահեռ քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող քայլերը։

«Մի բան հստակ է. Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անսպառ ու անկոտրում է։ Սա ոգևերում է յուրաքանչյուրիս ու ուժ տալիս անելու հնարավոր ամենը՝ համայնքների ամրությունը բազմապատկելու, բնակիչների սոցիալական, հոգեբանական վիճակը էլ ավելի հզորացնելու համար»,-նշել է նախարարը։

--0--ԱՀ