Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական այցն է կատարել քրեակատարողական վարչություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

ю

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:

--0--ԱՀ