Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր շարունակ քաղաքացիների բերման ենթարկվելու դեպքերին։

«Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներն են ենթարկվում վարչական ձերբակալման՝ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար» կախարդական բանաձևով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Թարգմանաբար դա նշանակում է՝ քաղաքական իշխանության դեմ բողոքելու համար։ Մոտենում են և բարձախոսով կամ «կենդանի կատարմամբ» ներկայացնում են «օրինական պահանջը»՝ դադարեցնել բողոքել, ու էական չէ՝ մենա՞կ ես, թե խմբով եք։ Հետո պարտադիր հարցնում են՝ «Դուք հրաժարվու՞մ եք կատարել ոստիկանության օրինական պահանջը»։ Եթե չես դադարեցնում բողոքը, ձերբակալում են ու տանում բաժին։

Հարգելի ոստիկանություն, գուցե վերցնեք բարձրախոսները ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից ու հրաժարվողներին էլ ձերբակալե՞ք։ Ճի՛շտ ձևակերպեք ձեր «օրինական պահանջը»՝ ձեզ տրված ապօրինի հրահանգներին համապատասխան»,- գրել է նա։

--0--ԱՀ