Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News  

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ դիմել եմ վարչապետ Փաշինյանին՝ հետևյալ խնդրի կապակցությամբ.

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։

Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ։

Համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան։

Վարչապետի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։

--00--ԱԹ