«Ընտրական օրենսգիրք» օրենքի հանրային քննարկումները վերսկսվում են առցանց․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները: Սակայն պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակով եւ արտակարգ դրությամբ՝ որոշում է կայացվել հանրային քննարկումներն անցկացնել առցանց եղանակով: Նկատենք, որ այժմ առցանց եղանակով են նիստեր անցկացնում նաեւ փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք պետք է առաջիկայում նաեւ հայեցակարգ ներկայացնեն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:

Միեւնույն ժամանակ նշենք, որ առցանց առաջին քննարկումը լինելու է նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմայով, իսկ հետագայում առցանց քննարկումներ տեղի կունենան նաեւ ընտրական ցուցակների, արտակարգ դրության պայմաններում քարոզարշավի կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ:

Ավելին, հանրային քննարկումներին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաեւ արտախորհրդարանական կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Առաջին քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ