Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, եւս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:

Սա միայն ափամերձ հողերի մասով։

Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նախարարը։

--0--ԱՀ