Իրաքի հայկական համայնքի կողմից կատարվել է խոշոր նվիրաբերություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հիացմունքով հայտնում ենք, որ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը մոտ օրերս ներդնելով իր ողջ ներուժն ու կարողությունները հաջողել է հավաքել 90,700 ԱՄՆ դոլարի չափով գումար, որի նպատակն է կատարել նվիրաբերություն «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին։

Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանին, ով չխնայեց որևէ ջանք համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։

Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը Հիմնադրամին։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները»:

--00--ԱԹ