Սևրը մնաց թղթի վրա և դարձավ հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր պատմության մեջ դժվար է գտնել միամիտ երազկոտության կամ գուցե ավելի ճիշտ՝ երազկոտ միամտության և չոր իրականության ավելի դաժան ու շառաչուն հակադրություն, քան այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ այս օրը։

1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության երկու տարբեր պատվիրակություններ ստորագրեցին երկու տարբեր փաստաթղթեր։ Ավետիս Ահարոնյանը՝ Փարիզի մերձակա Սևրում, հաղթանակած դաշնակիցների և պարտված Թուրքիայի սուլթանական կառավարության հետ։ Արշակ Ջամալյանը՝ Թիֆլիսում, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության հետ։

Առաջինով Թուրքիան Հայաստանի Հանրապետության մաս էր ճանաչում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգների մեծ մասը։ Երկրորդով Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, Զանգեզուրը և գրեթե ամբողջ Նախիջևանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զորքերը։

Թիֆլիսյան համաձայնագիրը կյանքի կոչվեց անմիջապես։ Իհարկե առանց Զանգեզուրի՝ այնտեղ Նժդեհն անհանձնվել կռվում էր, և սա մի իրողություն էր, որի հետ ստիպված եղան հաշվի նստել հզորները։ Անգամ մեկ տարի անց, երբ ողջ Այսրկովկասն արդեն կարմիր էր, և բոլշևիկյան Կովկասյան բյուրոն Ստալինի գլխավորությամբ գծում էր նոր սահմանները, ոչ ոք չհամարձակվեց կպնել Զանգեզուրին՝ Նժդեհը դեռ սուրը ցած չէր դրել։

Մյուս փաստաթուղթը՝ Սևրը, մնաց թղթի վրա և դարձավ տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը, որը ջերմացնում էր մեր հոգիները, երբ մերժում էինք թուրքերի հետ բանակցելու առաջարկը և դրանով իսկ՝ Կարսը, Սուրմալուն (Իգդիր) ու էլի ինչ-որ բան պահելու հնարավորությունը։ Եվ երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռով թղթով մեզ 90 հզր քառ․ կմ Արևմտյան Հայաստան էր «տրվում», մենք կորցնում էինք իրական Արևելյանը։ Թուրքական զորքերը Սևրից ամիսուկես անց՝ սեպտեմբերից ներխուժել էին Հայաստանի Հանրապետություն ու արդեն գրավել էին Սարիղամիշը, Կարսն ու Ալեքսանդրապոլը։ Դրոյին հաջողվել էր պահել Իգդիրը, բայց Ալեքպոլի անկումից հետո նա էլ ստիպված էր կամուրջներն այրելով անցնել Արաքսի այս կողմը։ Հայաստանի մնացած մասն էլ անխուսափելիորեն անցնում էր բոլշևիկներին։

1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրվեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մեկով ամրագրվեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը հիշատակելն անգամ անարժան է թվում։

Սևրի պայմանագիրը շարունակեց իր անհողեղեն ոդիսականը մինչև 1923թ․, երբ Լոզանում աշխարհն ըստ էության ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանությունը ոչ միայն Սևրով հայերին խոստացված տարածքների, այլև երբեք Թուրքիային չպատկանած Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամբ։

Հ․Գ․ Մեկդարյա հեռավորությունից կարող ենք, իհարկե, որպես մխիթարություն ասել, որ դաշնակիցները մեզ խաբեցին։ Եվ ասելիս գուցե սխալված էլ չենք լինի։ Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք թողեցինք, որ մեզ խաբեն։ Հասկանալ կարելի է՝ չափազանց քաղցր էր թմբիրը և չափազանց դառը մեզ շրջապատող իրականությունը։ Հակառակ, ինչպես երազանքի իրականացումից առաջացող բերկրանքը և հուսահատության աստիճանի ուժասպառությունը։ Տարբեր, ինչպես անվերջության ձգտող դրականն ու բացասականը։ Այս բացատրությունից, սակայն, դառնահամը չի անցնում։ Կարսում ու Իգդիրում հայկական դրոշը չի ծածանվում։ Մենք թույլ տվեցինք։ Թույլ եղանք։ Չկարողացանք։ Չհաշվեցինք»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս