ՊՊԾ գնդի ոստիկանները հետապնդել ու բռնել են կնոջը կողոպտած անձին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Հանցագործությունների մի մասը բացահայտվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների ջանքերով, որոնք հենց տեղում արագ արձագանքում ու բռնում են հանցագործություն կատարած անձին։ Այդպես եղավ օգոստոսի 9-ին` Երևանի Արարատյան ու Բագրատյան փողոցների խաչմերուկում:

«Ծառայություն էինք իրականացնում այս հատվածում, երբ փողոցի կողմից մի կնոջ բղավոցի ձայն լսեցինք՝ օգնության ձայն։ Նույն պահին մի երիտասարդ վազեց դեպի բակի կողմ։ Մենք հետապնդեցինք նրան, բռնեցինք և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Շենգավիթի բաժին»,- նշեց ՊՊԾ ոստիկան Գևորգ Յուքինյանը։
Բաժնում պարզվեց, որ բերման ենթարկված 34-ամյա երևանցին մի կնոջ պարանոցից պոկել էր ոսկյա շղթան ու փախել։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածը խոստովանեց, որ հուլիսին նույն փողոցում նույն եղանակով հափշտակել էր նաև մեկ այլ կնոջ վզնոց։
Երևանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս