Հավաքների դեպքում միակ պահանջը համաճարակային կանոնների պահպանումն է. ՀՀ պարետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հույս հայտնեց, որ Արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, միաժամանակ նշեց՝ երկրում համաճարակաբանական վիճակով պայմանավորված՝ Արտակարգ դրության ռեժիմում տեղի են ունեցել մի շարք սահմանափակումների մեղմացումներ:

«Մենք դրական միտումներ ենք տեսնում վերջին շրջանում, բայց այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այնտեղ, որտեղ թվում էր՝ հաղթահարվել է կորոնավիրուսի մարտահրավերը, օրերի ընթացքում նոր բռնկումներ են տեղի ունենում, և շատ պետություններ ստիպված են լինում վերադառնալ պայքարի զրոյական կետի»,- ասաց նա:

Այս պայմաններում, ըստ պարետի, պետք է նախ՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ նորմալ կենսագործունեության, երկրորդ՝ սանիտարահամաճարակային նորմերը դարձնել վարքագծային կանոններ: 

Պարետի խոսքով՝ թեստավորման մարտավարությունն էլ է փոխվել. սելեկտիվ թեստավորում է իրականացվում:

Ավինյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհրապարակվեն Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշումները. դրանք անմիջապես այս պահից չեն գործելու։

Պարետը հայտնեց, որ դիմակի կրման պարտադիր պահանջը կհանվի բացօթյա տարածքներում՝ այգիներում ու բնության գրկում, ընտանիքի անդամներով հավաքների ժամանակ: Նա նաև անդրադարձավ գործադուլների և հավաքների կազմակերպման թույլտվությանը՝ նշելով, որ հավաքների հետ կապված քանակի և ժամային սահամանափակում չկա, միակ պահանջն է համաճարակային կանոնների պահպանումը՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

--00--ԱԹ