Արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը․ ինչ փոփոխություններ կան արտակարգ դրության ռեժիմում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Հայաստանում արդեն 5-րդ անգամ է արտակարգ դրությունը երկարաձգվում, այս անգամ մինչև սեպտեմբերի 11-ը։ Վարչապետը կառավարության հրավիրած արտահերթ նիստում նշեց, որ սա վերջին երկարաձգումը կլինի, բայց և այնպես չբացառեց, որ կորոնավիրուսի թվերի աճի դեպքում ստիպված կլինեն նորից արտակարգ դրություն մտցնել։ 

Արտակարգ դրության որոշման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այսուհետ կթույլատրվի հավաքների կազմակերպումը, բայց միայն դիմակ կրելու և միմյանցից 1,5 մ հեռավորություն պահպանելու պայմանով։ Վերացվում է նաև անձնական ավտոմեքենաներում և բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը։ Դե իսկ ընտանեկան արարողությունների ու ժամանցային բնույթի միջոցառումների կազմակերպումը կարող է լինել ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են խնդրահարույց համարել արտակարգ դրության երկարաձգումը։ Ավելին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել, քանի որ գտնում են՝ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին։ 24News-ի հետ զրույցում ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանն արտակարգ դրության երկարաձգումն անտրամաբանական ու անիմաստ է համարել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնպես կիսում են իրենց գործընկերների կարծիքը։ 24News-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանն ասել է, որ պարտադիր չէ արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել և կարելի է առանց արտակարգ դրության կորոնավիրուսից քաղաքացիների պաշտպանությունը կազմակերպել անվտանգության նորմերի պահպանմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ