Կվերանայվեն Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրված տարածքների վճարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

Պարզ լիճ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամ տրամադրված տարածքների տարեկան վճարները: Այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարն ընդգծել է նաև տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,- նշել է նախարարը:

Շրջակա միջավայրի նախարարն այցի ընթացքում ծանոթացել է Պարզ լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել է ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։

--0--ԱՀ