Գիշերը մի քանի գյուղի բնակիչներ «պոստ» են դրել Էջմիածին-Մարգարա ճանապարհի քանդվող կամրջին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

կամուրջ

Արմավիրի մարզում օգոստոսի 17-ին՝ կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։ Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, սպառնացել են փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի հատվածը, քանի որ այն վտանգավոր է դարձել կամրջի վրա առաջացած հսկայական փոսի պատճառով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել են կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան և պահանջել, որ դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է ժամանել Ճանշինի պատասխանատու, ասել, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այդ վիճակին է, խոստացել, որ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ։

Դեպքի վայրում է եղել նաեւ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որի հորդորով քաղաքացիները բացել են ճանապարհը։ 

Ավելի վաղ խնդրի առնչությամբ իրենց Արմավիրի մարզպետարանից պարզաբանել են, որ Վարդանաշեն և Ջրարբի համայնքների կամուրջները գտնվում են Մ-3 «Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ճանապարհի վրա: Վարդանաշենի կամուրջը 2012 թ. մասնակի վերանորոգվել է: ՀՀ Արմավիրի մարզպետի միջնորդությամբ ճանապարհի 9 կմ հատվածը, որտեղ գտնվում են նշված կամուրջները, ընդգրկվել է 2020 թ. ճանապարհների հիմնանորոգման ծրագրում և գտնվում է նախագծման փուլում: 

--00—ԼՄ