Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամներին։

Նախագահը նշել է, որ, նախընտրական փուլում տված իր խոստման համաձայն, գալիք տարվա ընթացքում կմեկնարկեն պետական դրամատիկական թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերակառուցման արդյունքում շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի, այն ապահովված կլինի ժամանակակից և հարմարավետ պայմաններով։ 

Ողջունելով Հանրապետության նախագահի որոշումը՝ թատրոնի աշխատակիցները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես աշխատավարձերի, սեփական եկամուտները ներքին կարիքների համար օգտագործելու, տրանսպորտային միջոց ունենալու, ինչպես նաև թատերական ստուդիայի վերաբացման վերաբերյալ հարցերը:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներն անպայման լուծումներ են ստանալու, և հանրապետությունում թատերական կյանքի աշխուժացման համար ստեղծվելու են բոլոր բարենպաստ պայմանները: Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ պետք է վերականգնվեն լավագույն ավանդույթները, և, բացի մայրաքաղաքից, թատրոնը պարբերաբար ներկայացումներով պետք է հանդես գա նաև շրջկենտրոններում ու գյուղական համայքներում:  

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին կարճ ժամանակահատվածում ավարտել պետական դրամատիկական թատրոնի շենքի նախագծի մշակման աշխատանքները։ 

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

--00—ՄՀ