Սևանում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիր կներդրվի. նախարարն անձամբ կվերահսկի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ռոմանոս

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է համարում: Այդ մասին Պետրոսյանը գրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն է անցկացրել նախարարությունում:

Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վահե Ջիլավյանն ու Վարդան Մելիքյանը, նախարարի խորհրդական Հ. Մարտիրոսյանն ու «Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։

Քննարկումների արդյունքում վեր են հանվել և գույքագրվել գործընթացին խոչընդոտող խնդիրները։

«Սևան» ազգային պարկում կան խորքային ու լուրջ մարտահրավերներ։ Էապես գիտակցում եմ դրա քաղաքական պատասխանատվության չափը, դրա իրավական ու սոցիալական բոլոր ռիսկերը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ընկրկում. Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են Սևան ազգային պարկի որոշ աշխատակիցների հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից՝ լինի ազգային պարկի տնօրեն, թե տեղամասի տեսուչ»,- նշել է նախարարը:

Պետրոսյանը հավելել է, որ անընդունելի է մեկտեղել ապօրինի ձկնորսությունը կանխողի ու ձկնագողի կարգավիճակը։

«Ազգային պարկի տնօրինության հետ քննարկել ենք արմատական ու շրջադարձային կադրային վերափոխման անհրաժեշտությունը։ Սևանի պահպանության առաքինի գործը ստանձնողը պարտավոր է լինել նվիրյալ։ Դրա վառ օրինակը «Սևան» ազգային պարկում ձևավորվող նոր ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են լինելու։ Կազմավորվող հատուկ ջոկատը պարտավորված է լինելու կարգուկանոն հաստատել «Սևան» ազգային պարկի ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, անշեղորեն հետևել օրենքի գերակայության վերականգնմանը և, վերջնարդյունքում, դառնալու է Սևանի էկոհամակարգի վերականգնման առանցքային գործիք»,- գրել է Պետրոսյանը:

Շրջակա միջավայրի նախարարն ընգծել է, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս հավաքագրվող նոր ստորաբաժանման աշխատակիցների գաղափարական բաղադրիչին։ Հիմքում պետք է դրված լինի պետականության կենսունակության բարձրացման խնդիրը։ Ազգային պարկի առաջ դրված գերակա խնդիրներից մեկն է դառնալու ռիսկերի կառավարումը, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումը։

«Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին պետք է դառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Դրան ընդառաջ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրի բոլոր բաղադրիչներով պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու, ձկնագողությունը նախականխելու և կանխելու ուղղություններով։ Որևէ մեկը, չնայած իր զբաղեցրած դիրքին ու կարգավիճակին, իրավունք չի ունենալու շրջանցել կամ անտեսել օրենքի տառը։ Սևանում արդյունագործական ձկնորսությունը գտնվելու է իմ անմիջական ուշադրության կենտրոնում»,- նշել է նախարարը:

Շրջակա միջավայրի նախարարը հավելել է, որ իրավական պետության գործիքակազմով հասնելու են ցանկալի արդյունքի, և այս գործընթացները հաջողությամբ են պսակվելու։

--00—ԼՄ