«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

ԼՀԿ ԲՀԿ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝

Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.

ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.

Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։

Այս համատեքստում՝

 Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:

 Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է:

 Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։

 Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։

ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.

Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։

Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:

--00—ՄՀ