Նորատուսի չգործող ռեստորանից կատարված գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ռեստորան

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ վայրում մի խումբ անձինք գողություն են անում: Տեսնելով ոստիկանության ծառայողներին` նրանք դիմեցին փախուստի:
Ոստիկանները հետապնդել են, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման են ենթարկել Վանաձորի 38-ամյա մի բնակչի, իսկ մյուսները կարողացել են փախչել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նորատուս գյուղի Բարեկամության թաղամասի չգործող ռեստորանից 38-ամյա տղամարդու հետ, չորս երիտասարդ, փորձել են գողություն անել: Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել Գավառի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք օգոստոսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նույն ռեստորանից գողացել են ալյումինե դռներ, ջահեր, մալուխ, սպասքի պարագաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ