Կոչ ենք անում իրավապահներին ապահովել տարածքում օրենքի վերականգնումը․ «Լիդիան Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Լիդիան ամուլսար

«Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։

Երկու տարուց ավելի իրավապահ մարմինների թողտվությունը և սեփական անպատժելիությունը վայելող այս խմբավորումն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների  սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։

«Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար: 
 
Իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը հիշեցնում ենք, որ օրինական գործունեության բոլոր իրավունքներն ունեցող «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի տարածքում աշխատում են աշխատելու օրենսդրական իրավունքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` շրջակա համայնքների բնակիչներ։ Նրանց աշխատանքի, անվտանգության, կյանքի երաշխավորը պարտավոր է լինել ՀՀ կառավարությունը՝ հանձին իրավապահ մարմինների։ Մինչդեռ անարգել ապօրինություն իրականացնող խմբավորւմը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների կենսական կարիքների հոգալուն և սպառնալիք է դարձել այդ համայնքների բնակիչների համար։ «Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է իր աշխատակիցների անվտագության ապահովման համար։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա։

--00--ԱՀ