Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ձուկ

Ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին. նրանք դժգոհ են, որ իրենց արգելել են ձուկ որսալ: Այս պահին Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը կաթվածահար եղած է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նորատուսի ձկնորսները ձուկ են որսացել Սևանա լճից,  պահեստավորել սառնարաններում, որպեսզի արտահանեն Հայաստանից, սակայն այդ մասին տեղեկացել է ԱԱԾ-ն և կապարանակնքել սառնարանները:

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ուղիղ եթերում հայտարարել էր արդյունագործական ձկնորսության նոր կարգի մասին, որի նպատակը Սևանի էկոհամակարգի վերականգնումն է:

«Մեկնարկում ենք արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը: Բոլոր ձկնորսները և արդյունագործական որսով զբաղվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրազեկվել են արդեն այդ մասին հանրային լայն արշավի միջոցով, որ հայտեր ներկայացնեին «Սևան» ազգային պարկ, ապա ներկյացված հայտերի հիման վրա կնքեին պայմանագրեր Շրջակա միջավայրի նախարարության հետ, յուրաքանչյուրն իր հայտի սահմաններում թույլատրելիի սահմաններում ստանար մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու թույլտվություն, այդ 4,5 տոննա սիգ ձկնատեսակի համար յուրաքանչյուր կգ-ի դիմաց 65 դրամ վճարելով պետբյուջե՝ որպես բնօգտագործման վճար, ամբողջովին օրինական, լեգիտիմ դուրս գար լիճ և որսար պաշտոնապես իրեն վերապահված չափաքանակով ձուկը: 

Եվ ահա վաղը, 17 պահակակետերը, ինչպես նաև տեսուչների, ոստիկանների ներկայությամբ պետք է իրագործենք վաղուց բաղձալի այդ նախագիծը»,- օգոստոսի 19-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր նախարարը:

«Անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների արգելքը, այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, որը զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել ՇՄ նախարարության հետ՝ դրանով իսկ պարտավորվել, որ մինչև 4,5 տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում որսված ձկան նվազագույն քաշը պետք է լինի 0,5 կգ»,- ասել է Պետրոսյանը:

Սևանում տեղի ունեցող իրադարձություններին առաջիկայում կկարողանաք հետևել  24News-ի եթերում:

--00—ԼՄ