Ռազմական թեմաներն անցնող շաբաթ ակտիվ քննարկումների առանցքում չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն համառոտ անդրադարձ է կատարել անցնող շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին: «Անվտանգություն» խորագրով գրառման մեջ նշված է.

«Նախորդ շաբաթվա սկզբնամասում ՀՀ և Արցախի անվտանգության թեմաները լրատվականներում նկատելիորեն նվազել են, սակայն որոշակի կարծիքային արձագանքներ, այնուամենայնիվ հանդիպել են։

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով ՀՀ ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Շաբաթվա միջնամասում հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսից հետո սոցիալական ցանցերում, մամուլում քննարկումների որոշակի ակտիվություն է դիտարկվել, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների կողմից տարաբնույթ մեկնաբանություններ, կարծիքներ են հնչել, վերլուծություններ հրապարակվել:

Հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո առկա էր դիսկուրս, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշել տավուշյան փոքր մասշտաբի մարտերին մասնակցության համար մեծ թվով զինվորականների պարգևատրել «Մարտական խաչ» բարձր շքանշանով։

Այս թեման զարգանում էր մինչև հայտնի մամուլի ասուլիսը, ինչին հպանցիկ անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանը։ Վերջինս, կասկածի տակ չդնելով զինծառայողների՝ մարտական խնդրի բարձր մակարդակով իրականացումը, նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների տարբեր փուլերի հետ կապված հակասություններ են դիտվում։

Ըստ առկա կարծիքների, պարգևներն իրենց արժեքն ունեն, դրանով փորձ է արվում նվազեցնել բարձր շքանշանի արժեքը և դիրքային մարտական գործողություններում 71 հոգու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու պրոցեսը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Մի շարք գործիչներ, հասարակական ակտիվիստներ էլ նշում են, որ Տավուշում տեղի ունեցածը անհրաժեշտ էր առավել լայն լուսաբանել, որպեսզի մեր զինծառաողների սխրանքները հանրայնացվեն ու տրվող պարգևները բոլորի համար ընկալելի լինեն։

Քննարկումների առանցքում էր նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների օրերին կորցրած դիրքերի հետ կապված դրվագները։

Տարբեր գործիչներ այդ թեման օգտագործում էին ներքաղաքական համատեքստում, իսկ փորձագետները նշում, որ այս ու նմանատիպ թեմաների շահարկումը հարված է հասցնում զինված ուժերին։

Այնուամենայնիվ, նեղ փորձագիտական շրջանակների կողմից առկա էր կարծիք, որ թե ապրիլյան պատերազմի, թե հուլիսին Տավուշում ծավալված գործողությունների թեմայով փորձագիտական անդրադարձերի կարիք կա, անհրաժեշտ է վերակառուցել երկրի տեղեկատվական քաղաքականությունը, անհրաժեշտություն է, որպեսզի քաղաքական, ռազմական բնույթի քննարկումները ամենատարբեր ձևաչափերով մեր իրականության կարևոր էլեմենտը դառնան։

Ընդհանուր առմամբ, ապրիլյան մարտական գործողությունների մեծ թվով դրվագների հետ կապված հարցերի պատասխանները հնչեց։

Վերադառնալով ԶՈՒ շաբաթվա անցուդարձին, նշենք, որ օգոստոսի 17-20 ն ընկած ժամանակահատվածում ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում մշակվել են հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ի կողմից 30 զինծառայող է ընդգրկվել՝ մարտավարամասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների կատարելագործման նպատակով:

Oգոստոսի 17-ին ՊՆ 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի:

Օգոստոսի 18-ին 3-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, իսկ 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացվել են զորավարժությունների տարբերակված դրվագների խաղարկումներ:

Ամսի 19-ին ՊՆ 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ, իսկ 5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ:

Օգոստոսի 20-ից 21-ը ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները:

Հավելենք, որ օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության երկու գնդապետի տրվել է գեներալ մայորի կոչումներ, երեք գեներալ մայորի՝ գեներալ լեյտենանտի կոչում։

Ադրբեջանի իշխանություններոը փորձելով թուլացնել Տավուշի գործողությունների ժամանակ կրած կորուստները, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում են ուշադրության տակ պահել զինծառայողների խնդիրները, նաև խրախուսում են տարբեր ժամանակներում աչքի ընկած զինծառայողներին։

Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցինք, նախորդ շաբաթների համեմատ ռազմական ոլորտին վերաբերվող թեմաները ակտիվ քննարկումների առանցքում չեն եղել, իսկ ապրիլյան ռազմական գործողությունների թեման քննարկվել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի համատեքստում»:

--00--ԱԹ