Աղմուկը լավ առիթ է, որ որոշ մոռացված մարդիկ հանդես գան բառապաշարի ամբողջ գարշելիությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը 24TV-ի եթերում, անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած գրական չափորոշիչներին`երբեմն էլ խոսքի էթիկան ու կոռեկտությունը շրջանցող, նշեց, որ այս աղմուկը նաև լավ առիթ է, որ որոշ մոռացված մարդիկ հանդես գան իրենց բառապաշարի ամբողջ գարշելիությամբ:

«Երբ աղմուկ-աղաղակ է բարձրանում, մեծ մասամբ գարշելի բառապաշարով, գարշելի հակադարձումներով, չես կարողանում լավը տեսնել, լավը զատել: Բայց անգամ այդ մաղձի տարածքում մարդիկ շատ լավ առաջարկներ են անում: Սա պետք է համարել լավ նախադեպ: Առաջին անգամ լայն քննարկման է դրվում մի փաստաթուղթ, որը հետո պետք է շրջանառության մեջ դրվի: Անկախ աղմուկ-աղաղակից, փնովումներից, դատափետումներից ու միմյանց հասցեին ամենավերջին խոսքերն ասելուց՝ այս քննարկումներն ունենալու են դրական և կառուցողական արժեք: Եվ այս տեսակ քննարկումների հետևանքով է, որ պետք է ունենանք լավ արդյունքներ: Այսօր բարձր-բարձր խոսող, հեղինակների բացակայությունից ճառողներն իրենք են ժամանակին գրել չափորոշիչներ, կազմել դասագրքեր և իրենց ձեռքով են բազմաթիվ հեղինակներ դուրս մնացել: Նույն մարդը Վահագն Դավթյանին ժամանակին հանել է դասագրքերից և այսօր բողոքում է, որ Վահագն Դավթյանը չկա դասագրքերում. սա ի՞նչ դեմագոգություն է: Դրա համար քննարկումները պետք է լինեն հատկապես կառուցողական: Դուք ուզո՞ւմ եք լավ դասագրքեր, լավ չափորոշիչներ, ուրեմն եկե՛ք նպաստեք, ոչ թե ամեն ինչի տակ դավադրություն փնտրեք կամ ինչ-որ վատ բան: Թեպետ չեմ ժխտում, որ այս ամենը կնպաստի, որպեսզի վերջնական փաստաթուղթը դրվի սեղանին` բոլոր կարծիքները հաշվի առնելով»:

Իսկ երկրի ներքաղաքական կյանքին անդրադառնալով` գրաքննադատը նկատեց, որ նոր իշխանության ձգտումն է ունենալ այլ օրենքներով, այլ տրամաբանությամբ զարգացող պետություն, որ դա փաստ է, և պետք է մենք գնահատենք:

«Սակայն մեր հասարակության թերություններից մեկն էլ այն է, որ մենք ընտրությունը հակադրում-ամադրում ենք ներկա իշխանության և նախկին իշխանության միջև: Ներկա իշխանությունն իրեն չի կարողանում գնահատել ինքնին, միշտ գնահատում է համադրության մեջ: Ես ուզում եմ տեսնել իշխանություն, որ իրեն գնահատում է ինքնին, իր գործունեության մեջ: Թավշյա հեղափոխությունից հետո սպասելիքների մեջ կար նաև մտավախություն, որը կարող էր ազդել հետագա զարգացումների վրա, դա Նիկոլ Փաշինյանի` որպես հեղափոխության առաջնորդի, անձի ֆետիշացումն էր, որը բերելու էր ոչ ցանկալի զարգացումների, ինչին այսօր արդեն ականատես ենք»,-ասաց գրաքննադատը:

--00—ԼՄ