Թուրքիայում մոխրացել է 200 հեկտար անտառ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

հրդեհ

Օգոստոսի 23-ին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան (պատմ․՝ Սիս) շրջանի Քույուբեյլի գյուղին հարակից անտառածածկ շրջանում։ Նշվում է, որ 4 տարբեր կետերում բռնկված հրդեհը քամու պայմաններում արագ տարածվել է ու գիշերվա դրությամբ մոխրի վերածել ավելի քան 200 հա տարածք։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Ադանայի նահանգապետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տարհանվել է հարակից 6 գյուղերի բնակչությունը՝ ընդհանուր առմամբ 800 տուն։ Հրդեհի մարմանը մասնակցում են մեծ թվով հրշեջներ։ Երեկ օրվա ընթացքում հրդեհաշիջմաը ներգրավվել են 2 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, որոնց գործողությունները գիշերվա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Նշվում է, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել հրդեհը մեկուսացնել։

Ըստ Ադանայի նահանգապետի՝ հիմնավոր կասկածներ կան, որ հրդեհը միտումնավոր հրկիզման արդյունք է, քանի որ այն ծագել է միանգամից 4 կետից։

-- 00—ՄՀ